38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դեռևս շանս ունենք փոխելու պատմության ընթացքը

Դեռևս շանս ունենք փոխելու պատմության ընթացքը
21.09.2023 | 16:29

Ծիծաղելին այն է, որ Հայաստանում բնակվողները, ովքեր հոգու խորքում ուրախ են Արցախի հանձնման առիթով և հուսով են, որ ապրելու են խաղաղ ու անվտանգ, չեն էլ պատկերացնում, որ Արցախից հետո հերթի մեջ իրենք են և արժանանալու են նույն արցախցիների ճակատագրին՝ առավել սարսափելի երանգներով: Ամենածիծաղելին այն է, որ տարբեր երկրներում բնակություն հաստատած և տվյալ երկրի քաղաքացի համարվող հայերը, ովքեր հոգու խորքում անտարբեր են այն ամենին, ինչ հիմա կատարվում է Արցախում և վստահ, որ այդ երկրներում իրենց խաղաղ և անվտանգ գոյությունը երաշխավորված է, չեն էլ պատկերացնում, որ իրենց հերթը ևս գալու է և արժանանալու են նույն արցախցիների ճակատագրին՝ առավել քաղաքակիրթ երանգներով :

Հայ ազգի արցախյան հատվածի հետ այսօր կատարվողը ինչ-որ լոկալ իրադարձություն չէ, այլ այդ ազգի բնակության տարածքում 1000 տարի առաջ հայտնված քոչվորների հետևողական գործողությունների շղթայի մի օղակ՝ բնիկներին վերացնելու և նրանց պահանջատիրությունը չեզոքացնելու 1000-ամյա պատմություն ունեցող ծրագրի ընդամենը մի դրվագ:

Իհարկե, ռուսների ազգային-պետական շահը վերջին 250 տարում ժամանակ առ ժամանակ որոշակի խոչընդոտներ է առաջացրել այդ ծրագիրը ավարտին հասցնելուն: Այդ 250 տարվա խորհրդային շրջանը նույնիսկ այնքան արգասաբեր եղավ հայկական ներուժի ավելացման առումով, որ նրա ավարտին, առաջին անգամ 1000-ամյա ողջ ընթացքում վերանվաճվեց իրավասություն պատմական հայրենիքի մի փոքր հատվածի նկատմամբ :

Հիմա ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր:

Արդ, եթե այսօր մեր պառակտվածության, անտարբերության, մորթապաշտության պատճառով ընկնում է Արցախը, վաղն անխուսափելիորեն կընկնի Հայաստանի Հանրապետությունը, որից հետո քոչվոր թուրքի բնաջնջող հարվածներն իրենց մաշկի վրա կզգան երկրագնդի երեսին բնակվող բոլոր հայերն անխտիր՝ որ երկրում էլ բնակվելիս լինեն, որ երկրի անձնագիր էլ ունենան, ինչ դիրքի ու հեղինակության էլ հասած լինեն և, նույնիսկ, ինչ ազգանուն էլ կրելիս լինեն: Սա է ապագայի դաժան, բայց օրինաչափ կանխապատկերը…

Դեռևս ուշ չէ, դեռևս շանս ունենք փոխելու պատմության ընթացքը, ընդամենը, ինչպես մեծն Մաթևոսյանը կասեր. «Ավերված երկրի, ազգային մեծ աղետի՝ տեղահանված ժողովրդի, փախստական ժողովրդի պատկերի առջև մենք պարտավոր ենք նույն ճիչը ճչալ, մի դեմքի, մի խոսքի գալ։ Պարտավոր ենք միմյանց արատների և թերացումների առջև գոնե մի քանի ամսով կույր և խուլ լինել»:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ